Երևան

Քաղաքաշինական ծրագրերը GIS համակարգով կդառնան կառավարելի

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կդառնան կառավարելի էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համակարգի ներդրմամբ Երևանի քաղաքապետարանի ու բոլոր վարչական շրջանների աշխատանքային տրամաբանությունն էականորեն կփոխվի: Համայնքն ամբողջապես գնել է փաթեթը. այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: 
*** 
Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Ապրիլի ընթացքում տեղադրվել է ավելի քան 880 էներգախնայող ԼԵԴ լուսատու և մոնտաժվել է 8600մ մալուխ: Հանձնարարվել է բակային տարածքներում տեղադրել ավելի ցածր կելվինով լուսատուներ: 
*** 
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը գեղարվեստական լուսավորություն կունենա: Նախագիծը դեռևս քննարկման փուլում է: Գեղարվեստական լուսավորությամբ կապահովվի նաև «Մայր Հայաստան» հուշարձանը: 
***
Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք, կանցկացվի ոռոգման նոր համակարգ: