«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Արթուր Խալաթյանը Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել է Ալեք Մանուկյան փողոցում ծառերի փոխարինման գործընթացին։
Նրա խոսքով՝ գործընթացն սկսելու համար երկու կարևոր բաղադրիչ է հաշվի առնվել՝ գիտհասարակության պահանջը և հասարակության դժգոհությունը, որ Երևանում մեծամասնություն է կազմում թեղի մանրատերև ծառատեսակը, որն ամբողջովին կորցրել է իր կենսունակությունը, չի իրականացնում իր ֆունկցիան և անհրաժեշտ է, որ Երևանում կենտրոֆլորիստիկ կազմի երիտասարդացում տեղի ունենա, որը շնորհիվ քաղաքը կունենա առավել գեղազարդ և մեծ ՕԳԳ ունեցող ծառատեսակներով փողոցներ և պողոտաներ։
«Ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկու տասնյակից ավել փողոցներում իրականացնել ֆունկցիոնալությունը կորցրած ծառերի փոխարինման աշխատանքներ։ Փոխարինվելու է Ալեք Մանուկյան և Սայաթ-Նովայից Չարենց հատվածը։ Հիշեցնեմ, որ 2023թ. Սայաթ-Նովա պողոտայում՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Տերյան, կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են գնդաձև սոսիներով։ Նույն պրոյեկցիան իրականացնելու ենք Ալեք Մանուկյան-Չարենց փողոցների հատվածում, և թեղիները փոխարինվելու են գնդաձև սոսիներով»,- ասաց նա։
Խալաթյանի դիտարկմամբ՝ ծառերի փոխարինման ծրագիրը ռեֆորմ է. «Թող ամպագոռգոռ չհնչի, բայց այս իշխանությունն այդ ռեֆորմն իրականացնելու համարձակությունը վերցրել է իր վրա։ Տարբեր ժամանակներում բոլորն են խոսել, որ թեղիները Երևանի համար չեն, բայց ոչ մեկը քայլեր չի ձեռնարկել։ 2023թ. կազմակերպությունը քաղաքային իշխանությունների հաստատմամբ իրականացնում է այս կարևորագույն ծրագիրը։ Ծառերի փոխարինման ծրագիրը․ այն ռեֆորմ է, իսկ իրագործումը՝ պահի թելադրանք»։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրենը վստահեցնում է՝ ապրիլից կմեկնարկի Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկի ծառերի փոխարինման գործընթացը։
Հայկ Մագոյան