Երևան

«Ոչ ոք չի խոսում անգործությունից, որ եղել է վերջին մի քանի տարում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի 2023թ. բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ անցած տարին մայրաքաղաքի համար ռեկորդային է եղել. «Ռեկորդային տարի է եղել հիմնանորոգումների, բարեկարգումների, կանաչ տարածքների վերականգնման առումով։ Գրեթե բոլոր առումներով բյուջեի կատարողականը գերազանցվել է նախորդ բոլոր տարիները և՛ եկամուտների, և՛ կատարված աշխատանքների մասով։ Ուզում եմ հիշեցնել՝ 2018թ. 21 մլրդ դրամ բյուջեից 2023թ. արդեն խոսում ենք 50 մլրդ դրամ բյուջեի մասին, որի կատարողականը եղել է 90%՝ նախորդ 65-75%–ի համեմատությամբ։ Երբ մեզ ասում են՝ համեմատել պետք չէ, կարծում եմ՝ անտրամաբանական մոտեցում է։ Պետք է համեմատել՝ հասկանալու համար՝ որ թիմի, որ միացյալ թիմերի աշխատանքի շնորհիվ են գրանցվել այդ արդյունքները։ Մասնավորապես, նախորդ տարի տասնյակ՝ ռեկորդային թվով մանկապարտեզներ են հիմնանորոգվել ու շարունակվում են հիմնանորոգվել։ Նախորդ տարի 200-ից ավելի բակ է հիմնանորոգվել, սա կրկնապատիկ չէ, եռապատիկ չէ, վերջին 3-4 տարվա ամբողջական գումարային աշխատանքից ավելի աշխատանք է արվել»,- նշել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ աշխատանքի, դրա որակական բաղադրիչների մասին քննադատություններ շատ են ստանում. «Այդ քննադատությունների մեջ կա տրամաբանություն ու ճշմարտության հատիկ, բայց ուզում եմ հիշեցնել՝ աշխատանքն է քննադատվում, անգործությունը լռության է մատնվում։ Ոչ ոք չի խոսում անգործությունից։ Անգործություն, որ տեղի է ունեցել վերջին մի քանի տարում, կարելի է ասել՝ մինչև 2022թ։ Երբ խոսում ենք բյուջեի կատարողականի մասին, օրինակ, «Ազգային առաջընթաց»–ից, որոնք եղել են ավագանու անդամ ու նախկինում կատարողական են հաստատել, այսօր իրավունք չունեն այս կատարողականը չհաստատել, որովհետև եթե հաստատել եք նախկին 65-70%–աոց կատարողականները՝ էական ավելի ցածր ծավալներով, այս 2023թ. իրականացրած աշխատանքի ծավալը վերջին 3-4 տարվա աշխատանքն է մեկ տարում»։