Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հարցրեց, թե ինչից են վախենում. «Կարո՞ղ է՝ քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի»,- հարցրեց նա։
«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն արձագանքեց, թե նախագիծը նոր է դարձել զեկուցվող․ «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի»,- ասաց Երիցյանը։ «Քո ձայնը կկտրեմ»,- եղավ Անի Խաչատրյանի արձագանքը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախազգուշացում հայտարարեց Երիցյանին. «Պարոն Երիցյան, Ձեր չափերը մի անցեք։ Սա զգուշացում է ձեզ։ Պարոն Երիցյան, մի մոռացեք՝ որտեղ եք գտնվում»,- ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, թե կանոնակարգը խախտելու համար կարող է ավագանու անդամը դահլիճից հեռացվել. «Եթե շարունակեք, կզրկվեք ձայնի և հարց տալու իրավունքից։ Եթե շարունակեք, այս դահլիճից դուրս կգաք և այլևս չեք մասնակցի այսօրվա նիստին։ Հետևապես, խնդրում եմ՝ Ձեր չափերը ճանաչեք»։
Ավինյանը դիմեց նաև Անի Խաչատրյանին՝ նրան ևս հորդորելով տեղից ռեպլիկներ չանել։