Երևան

Ընդդիմադիր ավագանիները բոյկոտի կոչ են անում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը մտադիր է չմասնակցել տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու մասին նախագծի քվեարկությանը։ Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը կոչ է արել մյուս խմբակցություններին ևս տապալել քվեարկությունը. «Կարծում ենք՝ նախագիծը այսօր պետք է չքվեարկվի, «Ազգային առաջընթաց» խմբակցությունը մտադիր չէ այս նախագիծը որևէ կերպ անցկացնել։ Ամեն կերպ պատրաստ ենք այն տապալել, և կոչ եմ անում չգրանցվել այս նախագծի քվեարկությանը»։

Նախագծի քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարեց նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը. Մանուկ Սուքիասյանը կոչ արեց մյուս խմբակցություններին՝ չմասնակցել, քանի որ, ըստ նրա, անգամ դեմ քվեարկելը կնշանակի կիսել այս որոշման ընդունման պատասխանատվությունը։