Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի ներդրումային առաջարկի՝ կառավարության որոշման նախագիծը պատրաստ է և մեկ շաբաթում այն կդրվի շրջանառության. այս մասին հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե ժամկետների մասով ձգձգումներ կան և հանձնարարել հարցը հնարավորինս արագ կարգավորել. «Ուզում եմ վստահեցնել՝ այգիների հիմնանորոգման ծրագրերն իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով»։
Ավինյանը նշել է, թե այս այգին կրկին ստանում է այգու և հանրային տարածքի տեսք. «Եթե վերադառնանք խոսակցությանը, թե խեղճ մարդկանց տնակներ ենք քանդում, այստեղ՝ այս հատվածում խեղճ մարդ չկա։ Այս օբյեկտները տասնամյակներով շահագործվել են տարատեսակ ձևերով, և կարծում եմ՝ անցել են այգիներին այդպես վերաբերվելու ժամանակները։ Այգիները պետք է վերադարձվեն քաղաքին, երևանցիներին և երևանցիների համար պետք է դառնան հասանելի»։