Երևան

«Այստեղ շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք». Տիգրան Տեր-Մարգարյան

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լվովյան փողոցի մի քանի հասցեներում հասարակական նշանակության կանաչ տարածքներում համայնքային սեփականության հողամասերն ապօրինի շինություններից ազատելուն։

Նրա խոսքով՝ Նոր Նորքի այդ շինությունները սեփականաշնորհման ենթակա չեն և պետք է քանդվեն. «Այստեղի բնակիչներից բազմիցս եկել են ինձ մոտ, խնդրել են, որ այս տարածքը սեփականաշնորհվի, ես ասել եմ՝ սեփականաշնորհելու տարբերակ չկա։ Իրենք ժամանակին հանդիպել են Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, Տիգրան Ավինյանն էլ է նույն բանը պատասխանել, որ սա 60 հոդվածի տակ գտնվող գոտի է, որ անհնար է սեփականաշնորհել։ Երևանի քաղաքապետը գործակարգավարականի ժամանակ հստակ հայտարարեց, որ սկսեք սահմանազատման աշխատանքները»։

Անդրադառնալով այդ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին հարցին՝ Տեր-Մարգարյանն ասել է. «Ես իրենց սեփական տունն եմ քանդո՞ւմ»։ Ըստ նրա, այդ հարցը հնարավոր է քննարկել և աջակցել հնարավորությունների սահմաններում. «Այսինքն, եթե մոստը քանդվի, ես պարտավոր եմ մոստի տակ ապրողներին կացարանով ապահովե՞լ։ Մարդիկ տարիներ շարունակ զավթել են կանաչապատ տարածք, որը համայնքինն է։ Այստեղ կա ընտանիք, որն ունի սեփականության վկայական, այդ մարդուն այսօր ապահովել ենք արդեն բնակարանով»։

Նա շեշտել է, թե մարդկանց դրսում չեն թողնում, բայց զավթած տարածքը պետք է բարելավվի։

Տեր-Մարգարյանն ընդգծել է. «Պաշտոնապես հայտարարում եմ՝ այս տարածքը չի վաճառվելու։ Այստեղ շենքեր չեն լինելու, լինելու է բարեկարգ կանաչապատ տարածք»։

Անդրադառնալով նախկին քաղաքապետերի աշխատանքին՝ Տեր-Մարգարյանն ասել է․ «Նախկին քաղաքապետերն արել են բացթողումներ, ինչը հիմա շտկում է Ավինյանը»։