Երևան

«Պատերազմի ընթացքում իրենց տան դիվան քշելուց բացի այլ բան չեն արել». Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է 44-օրյա պատերազմի մասին «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Արմենակ Դանիելյանի ճշտող հարցին, թե Երևանը քանի զոհ է ունեցել այդ պատերազմում։

Քաղաքապետի խոսքով՝ պատերազմի ընթացքում զոհերի վերաբերյալ պաշտոնական թվերը իրականությանը համապատասխանում են. «Ձեր քաղաքական թիմից էնքան տգեղ, զզվելի ու մանիպուլյատիվ ձևով էր 2020 թվականի 44-oրյա պատերազմի զոհերի թիվն ուռճացվում, հիմնականում էն տանը նստած դիվան քշողների կողմից, որոնք ամբողջ պատերազմի ընթացքում, իրենց տան դիվանը քշելուց բացի, ուրիշ բան չեն արել։ Այնպիսի ոգևորությամբ էին այդ հազարները ավելացվում, որ մարդու զզվանք էր գալիս, որ այդ տեսակ մարդկանց հետ նույն փողոցներով քայլում ենք»։

Հարցին, թե պատերազմում զոհված երևանցիներին նվիրված խաչքար կամ հուշաքար տեղադրվելո՞ւ է, քաղաքապետը նշել է. «Այսօր էլ մեր տղաներին նվիրված տարբեր հուշարձաններ ունենք տարբեր վարչական շրջաններում․ ուզում եմ տեղեկացնել նաև, որ մի մեծ պուրակ ենք կառուցում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված զինվորներին»։