Երևան

«Հայաստանում ու, մասնավորապես, Երևանում ընտրակեղծիք, որպես այդպիսին, գոյություն չունի». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ընտրակեղծիքների և արատավոր երևույթների վերաբերյալ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ելույթին․

«Երբ խոսում եք ընտրակեղծիքից կամ արատավոր երևույթներից, ես հիշում եմ ոչ այնքան հեռավոր 2017թ. ԱԺ ու ավագանու ընտրությունները։ Եթե Դուք չգիտեք՝ ընտրակեղծիքը որն է, ես կարող եմ մեր գործընկերներին խնդրել՝ փաստերով ցույց տալ, թե ընտրակեղծիքն ինչպիսին է լինում, կարուսելն ինչպիսին է լինում, ինչպես է կազմակերպվում»։

Ըստ Ավինյանի՝ տարօրինակ է, երբ ընտրակեղծիք բառն օգտագործվում է մի ընտրությունների վերաբերյալ, որտեղ ընդամենը 53 ձայնով կարող էր այսքան ինտրիգային չմնալ միջավայրը․ «Ես վստահեցնում եմ՝ ընտրակեղծիքը և մենք շատ տարբեր բևեռներում ենք։ Եթե ուզում եք ընտրակեղծիքի մասին ինչ-որ բան իմանալ, խորհուրդ կտամ ԱԺ Ձեր գործընկերներից հարցնել՝ ինչպես է կազմակերպվում, ինչ մեխանիզմներ են օգտագործվում, ինչքան փող է դրվում դրա համար»։

Ավինյանը նաև շեշտեց, որ 2018թ. այդ տեսակի վերջը եկել է, և Հայաստանում ու, մասնավորապես, Երևանում ընտրակեղծիք, որպես այդպիսին, գոյություն չունի։

Հակոբյանն էլ արձագանքեց, թե ինքը ընդդիմադիր է եղել նաև նախորդ իշխանություններին։ Նա նշեց, որ իր խոսքը վերաբերում էր ՔՊ նախընտրական շտաբ գումարներ վճարելուն։

Տիգրան Ավինյանն ասաց. «Նախընտրական շտաբի հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ կար մի իրավիճակ, որ ավել գումար հնարավոր չէր լինելու հավաքագրել, որովհետև կա օրենքով սահմանված չափաքանակ, որից ավել չի թույլատրվում։ Ու շատ մարդիկ, գործարներ, անհատներ, որ ցանկացել են մեզ գումար փոխանցել, ասվել է՝ կներեք, շնորհակալություն, պետք չի։ Եթե ուզում եք իրականությունն իմանալ, իրականությունը սա է։ Մնացածը՝ ինչ են գրել, ինչ կհետաքննեն, չեն հետաքննի… խնդրեմ, թող հետաքննեն»։