Երևան

«Պետք է քննարկենք թիրախային խմբերի հարցը, որ նույնիսկ այս գնային պայմաններում ունեն դժվարություն». Տիգրան Ավինյան

«Տրանսպորտի գնի հարցը միայն ֆինանսական հարց չէ, դա կարևոր սոցիալական հարց է, և, բոլոր այս քննարկումներին զուգահեռ, պետք է անպայման քննարկենք նաև բոլոր այն խմբերի հարցը, որ նույնիսկ այսօր՝ այս գնային պայմաններում, ունեն տրանսպորտից օգտվելու դժվարություններ». նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ խնամքի կենտրոնում գտնվողների արտոնության տեսակը պետք է էականորեն տարբերվի մյուսներից․ «Երբ քննարկում ենք ուսանողների հարցը, պետք է հասկանանք, որ այդ երիտասարդներից ոչ բոլորն ունեն ֆինանսական հնարավորություններ, և վստահաբար պետք է ունենան արտոնություն։ Դպրոցականներին ևս պետք է անդրադառնալ»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ խմբերը պետք է ընտրվեն թիրախային, և թիրախային էլ պետք է իրացվի աշխատանքը. «Սուբսիդիան պետք է տանք հենց այն խմբերին, որ դրա կարիքն ունեն, և ոչ՝ նրանց, որոնք դրա կարիքը չունեն։ Մարդիկ, որ, ենթադրենք, 700-800 հազար դրամ աշխատավարձ են ստանում և ասում են՝ քիչ եմ օգտվում տրանսպորտից, իմ քիչ օգտվելու համար ի՞նչ փաթեթ կառաջարկեք։ Կներեք, ոչ մի։ Դուք թիրախային խումբ չեք, սոցիալական խնդիր չունեք և կարող եք թույլ տալ ամբողջ ծավալով վճարել տրանսպորտի համար, որ քաղաքային իշխանություններն էլ հնարավորություն ունենան թիրախային խմբերի համար սուբսիդավորել տոմսը»։

Նա կարևորել է, որ առավելագույն հնարավորության շրջանակներում սահմանվեն նվազագույն գներ, չլինի որևէ սահմանափակում տրանսպորտից օգտվելու առումով՝ կոնկրետ ժամանակի համար գնած տոմսի հետ կապված․ «Պետք է երաշխավորել, որ այս համակարգը չունենա չարաշահման հնարավորություն»,- ասել է նա։