Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը հայտարարել է, որ իրենք նախորդ նիստին կողմ քվեարկեցին Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելուն, քանի որ դեմ են թե նախկիններին, թե ներկաներին․
«Հայկ Մարությանը, որը հայ ժողովրդին կիսեց սևի ու սպիտակի, մեր որոշմամբ հեռացվեց։ Սա ասում եմ բոլոր նրանց համար, որոնք հարցնում են, թե ինչու «Հանրային ձայնը» այս քայլին գնաց։ Մենք դեմ ենք թե ներկաներին, թե նախկիններին»,-ասաց նա։
Ավագյանը նաև հիշեցրեց, որ 2019թ․ «Սանիթեք» ՍՊԸ-ն ընդդեմ Երևանի դատական հայց է ներկայացրել՝ գումարի բռնագանձման պահանջով.
«Դատական նիստերը 2023թ․ ևս շարունակվել են։ Միլիարդավոր դրամների մասին է խոսքը։ Վճռաբեկ դատարանն էլ մերժել է քաղաքապետարանի բողոքը»,- ասել է նա՝ շեշտելով, որ ուզում է տեղյակ պահել Հայկ Մարությանի սխալների մասին։
Նա դիմեց «Ազգային առաջընթաց» խմբակցությանը՝ հարցնելով, թե ինչ կասեն այդ գումարների մասին, որոնց հետ կապված տուժել է քաղաքը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն էլ հիշեցրեց, որ պետություններն ու կառավարություններն իրավահաջորդ են, իսկ խոշոր որոշումները կայացվում են ընդհանրական. «Հատկապես հիշողությունից ոչ այնքան լավ մարդկանց հիշեցնեմ, թե այն ժամանակ ինչ էր կատարվում, ինչպես չէին կատարվում «Սանիթեքի» պարտականությունները, ինչ որոշում է ընդունվել քաղաքապետարանի կողմից»։
Նա ասաց նաև, որ վստահ է՝ արդարությունը կլինի Հայաստանի ու Երևանի կողմից։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ ասել է, թե «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների ելույթներից տպավորություն է, թե ՔՊ-ն միայն մտածում է Մարությանին հեռացնելու մասին. «Մենք էն ժամանակ մի քաղաքական թիմից ենք եղել, և ես բազմիցս լսել եմ, որ իր քաղաքապետ ժամանակ պարոն Մարությանը ցանկանում էր հրաժարական տալ, և ինքը այն ժամանակ էլ էր ուզում գնալ, հիմա էլ էր ուզում գնալ։ ՈՒղղակի մի բան կրկնվում է՝ այդ մարդը չի կարող որոշում կայացնել, որ պետք է գնա։ Իրեն անպայման պետք է, որ այդ որոշումն իր փոխարեն այլ մարդիկ կայացնեն»։