Երևան

«Տոմսային փաթեթներում ուղևորությունների քանակը պետք է լինի անսահմանափակ». փոխքաղաքապետ

Երևանի ավագանու նիստում քննարկվում է տրանսպորտի տոմսային համակարգի ներդրման հարցը, որը սակայն, այսօր չի քվեարկվի։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնեց, որ Երևան քաղաքի տրանսպորտային համակարգը մեծ փոփոխությունների և բարեփոխումների է ենթարկվել․

«Հաշվի առնելով, որ տրանսպորտային ոլորտը շարունակական բարեփոխումների է ենթարկվում և ենթարկվելու, մենք պետք է այդ փոփոխություններին համահունչ կառուցենք նաև մեր քաղաքականությունը։ Առկա իրավիճակը գործող սակագնային տրամաբանությամբ չի կարող շարունակվել»,- հայտարարեց Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ գործող շարժակազմը, որը կար, փոփոխել են ոչ միայն համայնքային միջոցներով․ այսօր ոլորտն էական չափով սուբսիդավորվում է նաև պետբյուջեից։ Նա շեշտել է, որ նոր սակագների ընդունումից հետո էլ սուբսիդավորումը չի դադարեցվի.

«Սա նշանակում է, որ մեր հանրությունն, այսպես, թե այնպես, առկա տրանսպորտային համակարգի համար վճարում է և վճարելու է միշտ։ Հարցն այն է, թե որ մասն է վճարվելու ուղևորափոխադրումից, որ մասը՝ համայնքի բյուջեից: Այսօր սուբսիդավորման չափը մետրյում, տրոլեյբուսների և ավտոբուսների մասով, նախորդ տարվա օրինակով, 7 մլրդ դրամի է հասել, և այս տենդենցը գնալով աճում է, քանի որ քաղաքն անընդհատ համալրում ու բերում է նոր շարժակազմ: Պետք է վերացվեն այն շարժակազմերը, որոնցով մարդիկ կռացած և արժանապատվությունը վիրավորող ձևով էին երթևեկում: Նոր շարժակազմը, նոր որակը ենթադրում է ավելի բարձր ծախսեր: Չնայած, անգամ ներկայացված նախագծի ընդունմամբ, չենք դուրս գալու սուբսիդավորման գործընթացից»։

Փոխքաղաքապետը նաև ընդգծել է, որ միասնական համակարգի ներդրումը փոխկապակցում են 131 ավտոբուս ներկրելու հետ։ Նա նաև մանրամասնել է, որ մի քանի տոմսային փաթեթ կլինի՝ ամսական, տարեկան, եռամսյակային, մեկօրյա, մեկշաբաթյա, 70 րոպեանոց, մինիմալ՝ 10 փաթեթով լիցքավորվող․ «Քննարկման առարկա պետք է դառնա սահմանափակումների հարցը։ Կարծում եմ՝ պետք է հակվենք այն տարբերակին, որ վերացնենք տոմսային փաթեթներից սահմանափակումների հարցը: Այսինքն, բոլոր այս ժամանակների համար ուղևորությունների քանակը լինի անսահմանափակ»,- նշել է նա։