Երևան

«Այդ բոլոր շինթույլտվություններն իր օրոք են տրվել». Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն, անդրադառնալով նիստի օրակարգի հարցերի՝ զեկուցվող-չզեկուցվող լինելուն, օրինակ բերեց Բյուրեղ թաղամասի կառուցման ընթացքում արձանագրված խախտումները, շինթույլտվության տրամադրումը՝ նշելով, որ իրենց մտահոգում է հողերի նպատակային նշանակության փոփոխումը. «Անշարժ գույքի ուղղակի վաճառքի փաստը մեզ հուշում է, որ այդ հարցերը չեն կարող լինել չզեկուցվող»։

Գրիգորյանը նաև այլ օրինակ բերեց. «Տիչինայի բնակիչները կուզենան իմանալ, որ իրենց մոտ բնակելի շենք կառուցելու համար պատասխանատու են կոնկրետ ՔՊ, «Հանրապետություն» խմբակցությունները և «Հանրային ձայնի» այս 2-3 հոգին, որոնք քվորում ապահովեցին ու կողմ քվեարկեցին։ Մեկ տարուց լսելու ենք Տիչինայի պատմությունը, որ այնտեղ փորվեցին մարդկանց բնակելի տների կողքը, ինչը հիմա «Ջերմուկ» գրուպում է»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց նրա հայտարարություններին. «Ձեր բարձրաձայնած մտահոգիչ հարցերի վերաբերյալ, կարծում եմ, կարող եք պարզաբանում պահանջել ձեր խմբակցության ղեկավարից, կամ, չգիտեմ՝ այս պահին իր պաշտոնն ինչ է։ Այդ բոլոր շինթույլտվություններն իր օրոք են տրվել»։