Երևան

«Անհնար է, որ քաղաքապետարանն ու նախարարարությունն ուզենան խնդիրը լուծել և չկարողանան». Տիգրան Ավինյան

2023թ. նոյեմբերից մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման ծրագրի երրորդ փուլը, որ կավարտվի այս տարվա դեկտեմբերին։ Այս տարվա ապրիլից էլ կմեկնարկեն Թեյշեբաինի ամրոցի աղյուսաշեն պատի ամրակայման ու վերականգնման աշխատանքները. այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։

Նաև անդրադարձ է եղել մայրաքաղաքի հուշարձան-շենքերի պահպանմանը. այս կապակցությամբ քննարկումներ են ընթացել ԿԳՄՍ Նախարարության հետ։ Երևանում գույքագրվել է շուրջ 50 հուշարձան–շենք, որ սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների։ Ուղարկվել է ծանուցում դրանց պատշաճ պահպանման համար։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, թե այս գործընթացը պետք է շարունակական լինի. «Այս աշխատանքն իր կոնկրետ արդյունքները բերելու է, և Երևանում հուշարձան-շենքերի վերաբերյալ խնդիրները լայն թափով լուծումներ կսկսեն ստանալ։ Չի կարող պատահել, որ Երևանի քաղաքապետարանն ու նախարարությունը միասնական ջանքերով ուզենան խնդիրը լուծել և չկարողանան»։

Ըստ Ավինյանի՝ քաղաքապետարանը պետք է իր գործիքակազմի շրջանակներում ամեն ինչ անի, որ սեփականատերերը կոնկրետ գործողություններ անեն հուշարձան-շենքերի պահպանման ուղղությամբ։