Երևան

Նոր չափորոշիչներ՝ կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար

Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների համար կգործեն նոր չափորոշիչներ. փոփոխություններ են կատարվել քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերում: Այսուհետ Երևանում արտաքին ինժեներական ենթակառուցվածքների՝ ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կապի ուղիների անցկացման և վերակառուցման համար կառուցապատողը պարտավոր է իրականացնել մի շարք միջոցառումներ:

Մատակարար կազմակերպությունները, ֆիզիկական և իրավաբանական անձինք վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ պարտավոր են տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, գիշերային ժամերին լուսավորել, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ 

Քաղաքային իշխանությունները հաշվի են առել տարիներ շարունակ կառուցապատողի կողմից իրականացվող անբարեխիղճ աշխատանքը: Նստվածքներ, ճանապարհածածկի և մայթերի վատթարացում, որն էլ իր հերթին առաջացնում է երթևեկության և հետիոտնի համար դժվարություններ ու անհարմարություններ:

Դրանով պայմանավորված՝ այսուհետ խրամուղիների և նոր միացումների ստեղծման շինթույլտվություններին կից կտրվի լրացուցիչ պայմանների վերաբերյալ փաստաթուղթ: Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական կարգին չհետևելու դեպքում, ի դեպ, տվյալ կառուցապատողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝  նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի կամ հարյուրապատիկի չափով: