«Այսօր տեղի է ունենում մի շատ պարզ գործընթաց, որը մեր ընդդիմադիր գործընկերները ջանք չեն խնայում, որ բարդացնեն և այլ աստառ տան». այսօր, Երևանի ավագանու արտահերթ նիստում, հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ պարզաբանելով, որ 2023թ. տեղի ունեցած ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը մասնակցում էին ցանկությամբ՝ ստանձնել քաղաքային իշխանությունը։
Գրիգորյանը հիշեցրեց, որ այնպես է ստացվել, որ քաղաքացիները ոչ մի ուժի այնքան քվե չտվեցին, որ միանձնյա ստանձնի իշխանությունը․ «Բայց քանի որ մենք միշտ ասել ենք, որ ժողովրդի ցանկացած որոշման հետ հաշվի ենք նստելու, «Հանրապետություն» խմբակցության հետ կոալիցիա կազմեցինք և ներկայացրինք մեր քաղաքապետի թեկնածուին։ Ի՞նչ արեցին «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։ Ժողովրդի քվեի հետ հաշվի նստելու ուժ Դուք Ձեր մեջ այդպես էլ չեք գտել։ Եվ, բազմիցս, թե՛ այս դահլիճում, թե՛ դահլիճից դուրս՝ մասնավոր մեր շփումներում, քաղաքապետը, ես, մեր խմբակցության այլ անդամներ ասել ենք՝ լավ, ընտրություններն անցան, այսպես է ժողովուրդը որոշել․ կա այն, ինչ կա։ Եկեք, ինչքան էլ դժվար լինի, միասին աշխատենք։ Չէ՜, որ չէ․ բոյկոտ, բոյկոտ, բոյկոտ»։
Գրիգորյանն ընդգծեց, որ թեև կան մարդիկ, որ չեն ցանկանում, որ այս մարմինն աշխատի, բայց, որպես քաղաքի պատասխանատու և իշխանություն, պարտավոր են այնպես անել, որ այն աշխատի․ «Օրենքով նախատեսված բոլոր գործողություններն անելու ենք»։