Երևան

«Ձեր ասած ամեն սուտը բացահայտելու եմ». Տիգրան Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պարոն Երիցյան, ես և Դուք երբևէ թիմակից չենք եղել, նույնիսկ, շատ դեպքերում, գաղափարակից էլ չենք եղել»․ նկատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին։ Նա նշել է, թե իրենք տարբեր մոտեցումներ և իրականության տարբեր ընկալումներ ունեն. «Երբ խոսում եք ժողովրդավարությունից, ուզում եմ հիշեցնել հենց այս՝ 2023թ. ավագանու ընտրությունների արդյունքները, որտեղ ընդամենը 53 ձայնը որոշիչ էին լինելու։ Հիմա ասում եք՝ էդ սկզբունքից ետ ենք կանգնել։ Մենք երբևէ այդ սկզբունքից ետ չենք կանգնել ու չենք կանգնելու»։

Ավինյանը չհամաձայնվեց նաև դիտարկմանը, թե ավագանին չի գործում. «Այս ավագանու կազմն, իր բոլոր խնդիրներով հանդերձ, Երևանի վերջին տարիների ավագանիների հետ համեմատած, ամենավճռական որոշումներն է կայացրել։ 2023թ․ վերջում այնպիսի որոշումների ենք հանգել, որ Երևանի սեփական եկամուտները 64%–ով ավելացել են։ Այս ծավալի փոփոխություն, Ձեր թիմակից և գործընկեր Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու օրոք չի եղել»։

Ավինյանը Երիցյանին մեղադրել է նաև սուտ խոսելու մեջ. «Արդեն մանիպուլյացիա էլ չի․ Դուք անցել եք ստի։ Նույն սուտը այստեղից կրկնեցիք, երբ ասացիք, որ տոնածառի լուսավորության վրա ավել գումար ենք ծախսել։ Ամեն բառը կարևոր է, պարոն Երիցյան։ Մարդկանց համար, որ քաղաքական լսողություն ունեն, այս բառերն ականջ կտրող են։ Երբ ասում եք՝ մենք տոնածառի լուսավորության վրա ավելի շատ գումար ենք ծախսել, քան Դուք, սուտ եք ասում։ Դուք գիտակցված եք սա ասում»,- նշել է նա։

Ավինյանը շեշտադրեց, որ իրենք պատկերացնում են իրական աշխատանք, պատասխանատվություն, շատ դեպքերում՝ պատասխանատու որոշումներ․ «Իսկ դուք անցել եք պոպուլիզմի, մանիպուլյացիայի և, արդեն իսկ, ստի դաշտ։ Ամեն հարցով Ձեր ասած սուտը, խոստանում եմ, ես բացահայտելու եմ»։