Երևան

3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագծին։

Նա ասել է, թե ավագանու նիստերին չի մասնակցել, քանի որ բոյկոտել է. «Բոյկոտը մեր քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ Պարզ ասած՝ չեմ եկել, որ չմասնակցեմ ՔՊ-ի բերած նախագծերի ընդունմանը»,- ասել է նա։

Մարությանը նաև հայտարարել է, թե իրենց ընտրել են 5 տարով. «Եվ դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Դո՞ւք եք ինձ այդ մանդատը տվել, թե՞ մտածում եք՝ իմ գործատուն եք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են, հարգելիներս»,- ասել է նա՝ հավելելով․ «Երևանի ավագանու աշխատանքը հասարակական հիմունքների վրա է, ավագանու անդամը աշխատավարձ չի ստանում, սա պետք է հիշել։ Կոնկրետ ես ոչ մի լումա պետությունից չեմ ստանում։ Բայց էդ չի նշանակում, որ չեմ ստանում, դրա համար չեմ գալիս նիստին։ Նիստին գալը ավագանու անդամի աշխատանքի հազիվ 10%–ն է»։