Երևան

«Միշտ գնացել եմ այնտեղ, որտեղ ծեծ են ուտում, հալածվում են». Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարել է, թե միշտ կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, պայքարել ավելի լավ Հայաստանի համար․ «Ի տարբերություն ոմանց, ես չեմ գնացել այն ճամբար, որտեղ հաց են տալիս, որտեղ իշխանություն կա, այլ, չգիտես ինչու, միգուցե խենթ եմ, միշտ գնացել եմ այնտեղ, որտեղ ծեծ են ուտում, հալածվում են, որովհետև գտել եմ՝ իմ տեղն այդտեղ է, այդ մարդկանց հետ է»։

Նա արձագանքել է «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանի հայտարարություններին. «Դուք հայտնի եք որպես արևմտյան վեկտորի կողմնակից, փորձում եք ձեր քաղաքական ուժով մեզ մեղադրել Ռուսաստանից ուղղորդվելու մեջ։ Դուք գիտեք՝ Արևմուտքում ինչ կանեին Ձեզ ձեր կուսակցությունում, եթե կնոջ հագուստը որպես նվաստացուցիչ տարր օգտագործեիք։ Դուրս կշպրտեին հենց կուսակցությունից, որովհետև արևմտյան արժեքները չեն ընդունում դա, մերժում են։ Դուք գիտեք՝ ինչ կաներ ձեր քաղաքական ուժը, եթե ելույթ ունենալիս արդարացնեիք Արման Անտոնյանի վրա ֆիզիկական բռնությունը․ դուրս կշպրտեին ձեզ»։

Ըստ Աբգարյանի՝ արևմտյան արժեքները խրախուսում են կանանց ակտիվությունը տիմ-ում. «Խրախուսում են կիրթ, հավասարակշռված, ասելիք ունեցող, ոչ թե ձայնալարերին զոռ տվող կանանց ակտիվությունը։ Սա հակաարևմտյան վարքագիծ է ամբողջովին»,- ասել է նա։