Երևան

«Որակյալ տրանսպորտը, որակյալ շարժակազմը գին ունի». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Շատ մեծ տարբերություն կա առաջվա ու այսօր գործող տրանսպորտային համակարգերի միջև։ Իրարից էապես տարբեր են առնվազն շարժակազմերի առումով»,- ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման և միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծին։ Նա հիշեցրել է, որ ժամանակին ինքն էլ մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներին․ «Ասում էինք՝ եթե «Գազել» է, ոչ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին՝ թանկացնում ենք, որ լավ տրանսպորտ բերենք։ Մենք էլ ասում էինք՝ չէ, բերեք, հետո թանկացրեք։ Հիմա այսօր այդ «Գազել»–ներն ընդհանրապես չկան»։

Ինչ վերաբերում է թանկացման չափին, Գրիգորյանը նշել է. «Եթե վերցնենք ամենօրյա տրանսպորտով օգտվողին, որ վերցնում է ամսական, եռամսյակային կամ տարեկան փաթեթը, այս պահին եղած նախագծով ՏելՍելլի տարբերակով 180 դրամին մոտ է»։

Նա նաև օրինակ է բերել՝ ասելով, որ, օրինակ, տուրիստի և տրանսպորտից ամեն օր օգտվող քաղաքացու համար տոմսի գինը տարբեր կլինի. «Զբոսաշրջիկի համար 200 դրամի թանկացումը, մեր կարծիքով, լրիվ նորմալ է, նորմալ է, որ ավելի թանկ լինի, որ երևանցուն ամենօրյա պրոդուկտները հնարավոր լինի տրամադրել ավելի էժան»։

Նա նաև նշել է. «Մարդն, ով այսօր մեկ ամիս օրը, միջինով, երկու ուղևորություն է անում, ամեն ուղևորության համար վճարում է 100 դրամ։ Իր համար տրամաբանական չի լինի ամեն անգամ 300 դրամանոց տոմսեր գնել։ Նա պետք է գնի կամ ամսական տոմս՝ գործող նախագծով վճարելով 11.000 կամ 10.800 դրամ, կամ եռամսյակային՝ 25.000 կամ 24.800, կամ էլ տարեկան 110.000 կամ 108.000 դրամ։ Ուղևորության քանակի վրա բաժանելով՝ կերևա գինը»։

Գրիգորյանի խոսքով՝ այս ամենին ավելանում է նաև բալանսավորելու հարցը․ հատուկ խոցելի խմբերի համար կլինեն ավելի էժան սակագներ. «Երբ նայեք աշխատավսարձի միջին աճը, տրանսպորտի գինը նույնն է մնացել, տրամաբանական կլինի թանկացումը։ Երբ ասում ենք որակյալ տրանսպորտ, որակյալ շարժակազմ, դա գին ունի»։

Գրիգորյանը նաև հավելել է, որ տրանսպորտի ինքնարժեքը հիմա ամենահամեստ հաշվարկներով 200-230 դրամ է. «Էդ էն հաշվարկն է, որ ոչ մեկը մեզ չի կարող մեղադրել, թե հօգուտ մեզ ենք հաշվել»։

Նա նշել է, թե այսօր էլ քաղաքացին վճարում է 200 դրամ, պարզապես՝ 100 դրամ վճարում է ուղևորը, իսկ 100 դրամ բյուջեից, որ ձևավորվում է քաղաքացու վճարած գումարներից։