Երևան

«Քաղաքային բոլոր իշխանությունները բարձրաձայնել են այս խնդրի մասին, բայց չեն լուծել». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի սակագների վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագծին։

Նրա խոսքով՝ այն ներառված է փետրվարի 13-ին կայանալիք նիստում։ Ըստ Գրիգորյանի՝ նախատեսված է, որ որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին. «Այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք նոր 171 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ժամանելուն։ Այս պահին ընթանում է մրցույթը»։

Գրիգորյանի խոսքով՝ մինչև համակարգի բուն իմպլեմենտացիան, կհստակեցվեն այն խմբերը, որոնց պետք է արտոնություն տրամադրվի՝ զեղչի կամ վճարից ազատելու տեսքով:

Փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ այս նախագիծը միտված է նրան, որ քաղաքապետարանի տրամադրած սուբսիդիայի ծավալը, որը բավականին մեծ է, նվազի. «Այս փոփոխությամբ մենք չենք ունենա վիճակ, որ տրանսպորտային համակարգն ինքն իրեն սպասարկի։ Միևնույն է, կողքից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն լինելու է։ Այս նախագիծը միտված է նրան, որ ունենանք տարբերակված մոտեցում տարբեր ուղևորների նկատմամբ. ում պետք է սուբսիդավորել, տրամաբանորեն սուբսիդավորվի, ում պետք չի, չկա դրա տրամաբանական հիմնավորումը, չսուբսիդավորվի։ Բացի այդ, նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով պրոդուկտների ձեռք բերման դեպքում փոքր զեղչ է նախատեսված, այս ամբողջը բերվելու է թվային դաշտ, հաշվետվությունների դաշտ։ Եկեք իրար չխաբենք․ քաղաքային բոլոր իշխանությունները բարձրաձայնել են այս խնդրի մասին, բայց ոչ մեկին չի հաջողվել մինչ այս ամբողջությամբ լուծել խնդիրը։ Հանրային տրանսպորտի ոլորտում գոյություն ունի ոչ փոքր չափի ստվերային շրջանառություն։ Քանի դեռ կոպեկով, ժետոնով է, այսպես, թե այնպես, չերևացող, չհաշվարկվող շրջանառություն կա»։