Երևան

Սահմանվել են թեքահարթակներ կառուցելու նոր պահանջներ

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այս տարի տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար:
***
Գույք ձեռք բերելու ծրագրով համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական խաղերով ու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:
***
Ամբողջությամբ վերականգնվել է մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքի լուսավորությունը:
***
Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում կստեղծվի համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի հիման վրա մշակված նախագիծը ծառայությանը նոր լիազորությունների հնարավորություն կտա, ինչի շնորհիվ համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա:  
***
Որակյալ սպասարկում ապահովելու նպատակով 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր կերպով արձագանքելու համար ավելացվել է օպերատորների թիվը: Դրա շնորհիվ հունվարի 31-ին, փետրվարի 1-ին և 2-ին բաց թողնված զանգեր ծառայությունը չի ունեցել: 

***
Համայնքը նախատեսում է սոցիալական աջակցության ու պաշտպանության ոլորտում համակարգային նոր լուծումներ մշակել: Այն հնարավորություն կտա ամենախոցելի խավերի համար նախատեսված նոր ծառայություններ մատուցել Երևանի քաղաքապետարանի կողմից:

«Մենք շարունակաբար պետք է զարգացնենք երեխաների խնամակալության ոլորտը, որը կարևոր դեր պետք է խաղա երեխաների պաշտպանության գործում»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը: