Green Rock Management ընկերությունն է մեզ դիմել, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով Օղակաձև զբոսայգին բարեկարգելու նախագծի մասին։
«Հարցրել են՝ ի՞նչ անենք քաղաքի համար, պատասխանել ենք՝ կարո՞ղ եք աջակցել մեզ, որպեսզի սպորտ դպրոց հիմնանորոգենք։ Ասել են՝ այո՛, և 300 մլն դրամի նվիրատվություն են կատարել։ Հանրային այգիների վերականգնման հետ կապված իրենք առաջարկ են ներկայացրել, որը հանրային այգին հենց այն տրամաբանությամբ, որ մենք առաջ ենք քաշել, ոչ թե դարձնում է բիզնես կենտրոն, այլ մի վայր, որտեղ մարդիկ կարող են իրենց հանգիստը վայելել։ Այդ տարածքները դառնում են կանաչապատ և հանրային։ Այսինքն՝ սա միակ նախագիծն է եղել, որ ստացել է Երևանի քաղաքապետը, որում բիզնես կոմպոնենտը նվազագույնի է հասցված»,- նշել է Ավինյանը։
Երևանի քաղաքապետի խոսքով՝ այստեղ կոռուպցիոն ռիսկեր չկան և այդ բառը պետք է ճիշտ և տեղին օգտագործել․ կոռուպցիան ենթադրում է արտոնյալ պայմաններ տնտեսվարողին՝ որևէ նվիրատվության համար։
«Այս նախագծով ի՞նչ արտոնյալ պայման են այդ մարդիկ ստանում։ Օղակաձև այգու 4-րդ հատվածի համար ընդունում ենք դիմումներ, նախագծեր՝ այս սոցիալական տրամաբանությամբ։ Եթե 8-9 մլն դոլարի ծրագիր կներկայացվի, խոստանում եմ, այս ծրագրին հավասարազոր կքննարկվի»,- ասել է քաղաքապետը։
Ինչ վերաբերում է կորտերին, այն մասնավոր փակ ակումբ է․ «Այդ կորտերում 7 տարի պարապել եմ, իմ մանկության մի մասն են, և ես սիրում եմ դրանք։ Բայց դրանք հանրային այգու մեծ հատված են զբաղեցնում, մասնավոր բիզնես գործունեություն է և կարող է իրականացվել մեկ այլ վայրում»,- մանրամասնել է Ավինյանը։