Երևան

«Երեխաներին սնունդ գնելիս պետք է վստահ լինենք, որ իրոք որակյալ է». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում իրականացվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը․

«Այս տարի լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտին, և իներցիայով եկող որոշ գնումների՝ իրենց որակական ու խնդիրներով, որ արձանագրվել են և մեր և իրավապահների կողմից, լուրջ վերանայում պետք է անենք։ Ծառայությունների և ապրանքի որակի նկատմամբ մեր պահանջը պետք է էականորեն ավելացնենք»,- ասել է նա։ 

Ավինյանն այս համատեքստում ասել է, թե կան դեպքեր, որտեղ քաղաքապետարանը գնումների հետ կապված պետք է խստացնի պահանջները. «Օրինակ, մանկական սննդի դեպքում մեր պահանջները էականորեն պետք է խստացնենք։ Երբ երեխաներին սնունդ ենք գնում, պետք է վստահ լինենք, որ այն իրոք որակյալ է»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ դեպքում ցածր գինը չպետք է որակի հաշվին լինի։

Խոսելով այլ տեսակի գնումների, մասնավորապես, սարքավորումների մասին՝ նա նշել է. «Այդտեղ պետք է հնարավորինս մրցակցային դարձնենք՝ որակի վրա շեշտը դնելով»։ 

Նա շեշտել է, որ քաղաքային միջավայրին ծանոթ նախագծողներ պետք է աշխատեն․ «Հռի կոպալի» մեթոդով չի կարելի ամեն ինչ անել։ Ամեն նախագծող չէ, որ հասկանում է՝ այս քաղաքին ինչ է կարելի, ինչ՝ ոչ»։