Երևան

«Խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման ծառայությունների պայմանագիրը կկնքվի այս շաբաթ, որից հետո կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները։ Հայտնեցին նաև, որ հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 167 ինքնակամ տեղադրված գովազդ։

Այս առնչությամբ Տիգրան Ավինյանն ասաց. «Հանկարծ այնպես չստացվի, որ մենք պարտադրենք փոքր խանութներին, կրպակներին՝ ապամոնտաժել գովազդային ցուցանակները, իսկ խոշորներն արտոնյալ պայմաններում լինեն»։ Քաղաքապետը հանձնարարեց, որ հաջորդիվ տարանջատված զեկույց ներկայացնեն, թե առհասարակ խոշոր տնտեսվարողների որ մասին են անդրադարձել․

«Հենց խոշորների հարցերն ամբողջական կլուծենք, հետո մնացածը»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, որ մինչև այժմ ցանցի տրամաբանությամբ գործող խոշոր տնտեսվարողներն ավելի հաճախ են գալիս չափորոշիչների դաշտ և էսքիզները համապատասխանեցնում․

«Եթե ժամկետները անտրամաբանական երկար լինեն կամ ձևական, մենք նրանց գործունեությունն ուշադրության կենտրոնում կպահենք»,- ասաց Գրիգորյանը: