ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի ու Ասիական զարգացման բանկի միջև 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին։ Այն կներկայացվի ԱԺ հաստատմանը։ Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60 մլն եվրո։
Ըստ նախագծի հիմնավորման. «Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջան՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:
Նախատեսված աշխատանքները ներառում են.
Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս
Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի կառուցում
Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում»։