Երևան

«Նոր ճանապարհի կառուցումը կբեռնաթափի երթևեկությունը, ներդրումային հնարավորություն կստեղծի». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս ճանապարհի կառուցումը բավական երկար քննարկված, բոլոր ուսումնասիրություններն անցած նախագիծ է, որն էականորեն կբեռնաթափի ավտճանապարհային երթևեկությունը». հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և ԱԶԲ-ի միջև 60 մլն դոլար արժողության վարկային համաձայնագրին։ 

Հիշեցնենք, որ համաձայնագրով 60 մլն եվրո է տրամադրվում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի շինարարության համար։

Տիգրան Ավինյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյան ճանապարհը ուղիղ կկապվի Արշակունյաց պողոտայի հետ:

Ըստ նրա՝ ճանապարհի կառուցումը կարևոր է Նորագյուղի նոր թաղամասի կառուցման համատեքստում․ «Այն ներդրողներին հնարավորություն է տալիս Նորագյուղը ներդրումների համար դիտարկել որպես նոր հնարավորություն»:

Քաղաքապետը կարևորեց այն հանգամանքը, որ ճանապարհի կառուցումը կիրականացնեն իրենք՝ կառավարության աջակցութամբ. «Հետագայում արդեն հնարավորություն է ստեղծում որոշակի նախնական ենթակառուցվածք ունենալ այդ թաղամասում»։

Ավինյանը նաև ասաց, որ ունենալու են Նորագյուղ թաղամասի կառուցման հայեցակարգ, որը կներկայացնեն կառավարությունանն ու հանրությանը. «Բացի բեռնաթափումից, այս ճանապարհը որոշակի հնարավորություններ է ստեղծում Նորագյուղի նոր հայեցակարգի քննարկման համար»։