ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլի վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը, որի շրջանակներում կտրամադրվի 25 մլն եվրո։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ էական դրամաշնորհային հատված կա՝ 10 մլն-ից մի փոքր ավելի. «Երևանի քաղաքապետարանը 2,2 մլն ինքն է ներդնում, մյուսը 25 մլն–ի վարկն է։ Ընդհանուր առմամբ, այս ծրագրով վերակառուցում և հիմնանորոգում ենք 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա»,- տեղեկացրել է Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետը նաև նշել է, թե միայն այս ցանկով չեն սահմանափակվում իրականացվող ծրագրերը. «Մենք ունենք նոր կառուցվող մանկապարտեզ Ծարավ Աղբյուրում, ունենք վերակառուցվող, հիմնանորոգվող մանկապարտեզներ։ Սա ընդհանուր ցանկի մի մասն է»։
Ավինյանը հավաստիացրել է, որ բոլոր մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները հիմնանորոգելու խոստումը վստահորեն իրականացնելու են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, թե շատ կարևոր ու ծավալուն ծրագիր է։ Ըստ նրա, այստեղ ինստիտուցիոնալ կանոնակարգումներն ու երաշխիքների ձևավորումը կարևոր են։