Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն անդրադարձել է Օղակաձև զբոսայգու թենիսի կորտերն ավելի հարմար վայր տեղափոխելու խնդրին։
Նրա խոսքով՝ Օղակաձև զբոսայգին, ինչպես մյուս հանրային այգիները, Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններում են, և հանրային տարածքները պետք է իրենց բուն նպատակին ծառայեն։ Ըստ այդմ, Կոստանյանը կարևորել է ներկայացված ծրագրի սոցիալական բաղադրիչը. «Մարդիկ պետք է կարողանան այդ տարածքում ազատ զբոսնել, իրենց հանգիստը վայելել»,- ասել է նա։ Ըստ Կոստանյանի՝ խոսվում է թենիսի կորտերից, բայց դրանք, ինչպես և զբոսայգու մյուս տնտեսվարողները, բիզնես են իրականացնում, և քաղաքապետարանը, հաշվի առնելով թենիսի կորտերի հետ կապված առանձնահատկությունները, առաջարկել է գործունեությունը ծավալել մեկ այլ վայրում. «Թենիսի կորտերին տրամադրվում է տարածք այն տրամաբանությամբ, որ քաղաքապետարանն ինչպես թենիսի, այնպես էլ մյուս սպորտաձևերին առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ներկայացվել է ընդամենը նախնական ծրագիր, և Օղակաձև զբոսայգու այդ հատվածը պետք է ճանաչվի հանրային գերակա շահ. ««Green Rock Management» ընկերությունն իրավացի է, երբ ասում է, թե վերջնական բան չկա։ Անկախ նրանից, որ ծրագիրը պետք է ներկայացվի քաղաքապետարան, վերջնարդյունքում քաղաքապետարանը պետք է հավանություն տա՝ այգին այդպե՞ս վերակառուցվի և հիմնանորոգվի, թե՞ ոչ։ Եվ երբ դուք ասում եք՝ ինչո՞ւ չենք դիմել տարբեր տնտեսվարողների, պատճառն այն է, որ դեռ վերջնական լուծում չկա, երկրորդ՝ պետք է օղակաձև զբոսայգու հատվածը ճանաչվի հանրային գերակա շահ, ծրագիրը ընկերությունը ներկայացնի քաղաքապետարան, և երբ վերջնական հավանություն ստանա, կիրականացնենք հանրային լսումներ»։
Կոստանյանի խոսքով՝ քաղաքապետարանը միշտ հայտարարել է, որ եթե կան ներդրողներ, որոնք քաղաքի համար ծրագիր են ուզում իրականացնել, դռները բաց են. ««Green Rock Management» ընկերության հետ համագործակցությունն այս տրամաբանության շրջանակներում է իրականացվել»։
Կոստանյանը նաև ասել է, թե թենիսի կորտերը 4.5հա այգու մեջ գրեթե 1հա տարածք է զբաղեցնում, ինչը խախտում է այգու սոցիալական բաղադրիչի տրամաբանությունը։