Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ապօրինի կրպակների ու բենզալցակայանների ապամոնտաժման թեմային, նշելով, որ դեռևս անելիք կա այնտեղ։ Ըստ նրա այդ աշխատանքները բավական մեծ տեմպ են ստացել 2023թ-ից։
«Անվտանգության տեսանկյունից այս օբյեկտների վերացումը շատ կարևոր է, և առհասարակ քաղաքաշինական նորմերի պահպանմանը մենք պետք է խստորեն հետևենք։ Այսուհետ նմանատիպ խախտումներ ունեցող բենզալցակայանները պետք է վերացվեն»,- ասել է Ավինյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը լավ ուղերձ է խախտումներով գործող այն բենզալցակայանների տերերին՝ դրանք իրենց ուժերով ապամոնտաժելու համար։
«Դեռևս 4 տասնյակից ավելի բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունենք, որոնք խախտումներով են գործում։ Ուսումնասիրություններ ենք իրականացնում, որ հասկանանք՝ ինչ ընթացք ստանան դրանց»,- ասել է նա։
2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ապամոնտաժվել է ապօրինի գործունեություն իրականացնող 24 բենզալցակայան: Զեկուցվել է, որ ուսումնասիրությունների համաձայն Երևանում գործող 242 բենզագազալցակայաններից 43-ը շահագործվում են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Հանձնարարվել է դրանց ուղղությամբ ևս քայլեր ձեռնարկել: