Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է խորհրդականների ու օգնականների թվաքանակի վերաբերյալ ընդդիմադիրների բարձրացրած հարցին։
«Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներ ու օգնականներ, Տիգրան Ավինյանը չունի։ Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու խորհրդականներին ու օգնականներին»,- ասել է նա։
Ավինյանն անդրադարձել է նաև քաղաքապետարանի հաստիքացուցակին՝ նշելով, որ այնտեղ շատ փոփոխություն չի արվել, ու հաստիքներ կան, որ չեն լրացվել. «Հանրային կառավարման բարեփոխման տրամաբանության փոփոխությունների ժամանակ արդեն կքննարկենք բովանդակային՝ աշխատավարձերի, կառուցվածքի և, առհասարակ, մոտիվացիայի հարցը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, որ մարդիկ պետք է մոտիվացված լինեն, և արդյունքին պետք է միտված լինի նրանց աշխատանքը»։
Ըստ նրա՝ բոլոր կանոնակարգերը պետք է ընդունվեն արդեն հաջորդ տարի։
Քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքապետարանն իր ենթակառուցվածքներով մոտավորապես 30 հազար աշխատակից ունի, որոնց մեջ նաև դպրոցներն ու մանկապարտեզներն են. «Երևանի քաղաքապետարանը երկրի ամենածանրաբեռնված կառույցներից մեկն է։ Այդ առումով եթե գործառութային առումով էլ մի քիչ խորանաք, մանրամասները փորձեք հասկանալ, կտեսնեք՝ բավական սուղ միջոցներով է ամեն ինչ կազմակերպվում»։