Երևան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կկրճատվի

Երևանի ավագանին ընդունեց որոշումը, համաձայն որի՝ քաղաքապետարանի ստորաբաժանումների կազմը և հաստիքացուցակները կփոփոխվեն:

Փոփոխությունները միտված են լինելու կառուցվածքային որոշ ստորաբաժանումների միավորմանը կամ կրճատմանը, գործառույթների վերաբաշխմանը, հաստիքների հնարավորինս օպտիմալացմանը, որոշ դեպքերում՝ նոր հաստիքների ավելացմամբ: Կրճատվում են այն ստորաբաժանման գործավարները, որոնց թվաքանակը պակաս է 20-ից:

Առաջարկվում է սահմանել առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների ևս 15 միավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ աշխատանքների իրականացման փուլում անհրաժեշտություն է առաջանում ներգրավել նեղ մասնագիտական կրթություն ունեցող  մասնագետների: Այսպիսով՝ առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների գործող 5 հաստիքային միավորին կավելանա ևս 15 հաստիքային միավոր: 15 խորհրդատուները պետք է ավելի ինտենսիվ կերպով ներգրավվեն նեղ մասնագիտական կրթություն, փորձ, հմտություն պահանջող գործառույթների իրականացմանը:

Կկրճատվեն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, նրա օգնականի հաստիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդիվ ընդունված օրենքներից մեկով արդեն իսկ հանվել են ճարտարապետի պարտադիր առկայության դրույթները: