Երևան

Այս տարի շուրջ 15 հա-ի վրա նոր անտառ է հիմնվել

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ներկայացրել է 2023թ. տարեվերջյան հաշվետվությունը։

«Տարին մեկնարկել է «Եռաբլուր» պանթեոնին հարող շուրջ 15 հա քաղաքային անտառտնկարկի հիմնման աշխատանքներով։ Ոռոգման ամբողջ համակարգը անցկացվել է՝ շուրջ 7 հազար գծամետր։ Գրեթե աղբանոցի վերածված հողերում հիմնվել է նոր անտառտնկարկ, որը կազմակերպության կողմից անվանվել է «Փառքի» անտառ»,- ասել է Բեգոյանը՝ նշելով, որ շուրջ 5 հազար ծառաթփատեսակներ են տնկվել։ 

Արեմն Բեգոյանը անդրադարձել է նաև կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման գործընթացին․

«Երևանի՝ առանց այդ էլ քիչ կանաչ ֆոնդը զբաղեցված է կենսունակությունը կորցրած ծառատեսակներով, որոնց փոխարինման աշխատանքները դեռևս 10 տարի առաջ պետք է սկսված լինեին։ Սակայն այն Երևանում մեկնարկեց միայն այս տարի»,- նշել է Բեգոյանը։

Ըստ նրա՝ հեռացվել են հիմնականում թեղի ծառատեսակները և տնկվել են նոր արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներ։