Երևան

Բողոքներն ու առաջարկները հնարավոր կլինի առցանց ներկայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել։ 

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ հավելվածն արդեն գործարկվել է. «Այս պահին հնարավորություն է տալիս ահազանգել գտնվելու վայրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, լուսանկար ու տեսանյութ»։

Ըստ Գրիգորյանի՝ առաջադրանք է ներկայացվել հավելվածի հնարավորություններն ընդլայնելու համար. «Սա ևս մեկ խողովակ է, թեժ գծին զուգահեռ, քաղաքապետարանին խնդրի մասին հայտնելու»։ 

Նա տեղեկացրել է, որ այս եղանակով խնդրի մասին հայտնելու դեպքում ևս քաղաքացին հաղորդագրություն կստանա իր դիմումի ընթացքի վերաբերյալ։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե «Ակտիվ քաղաքացի» հարթակի հավելվածում բոլորը կարող են խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին։

Ավինյանը կարևորել է նաև այդ հարթակի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորության ստեղծումը. «Քաղաքապետարանի հետ շփման միասնական հարթակ պետք է լինի այս հավելվածը, և մեր խնդիրն է աշխատանքներն անել հնարավորինս արագ՝ դրա հետ համատեղ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարդկանց նույնականացման ստանդարտ կանոնները»։

Ըստ նրա՝ պետք է վստահ լինել, որ քաղաքացիները քաղաքապետարանի հետ շփման տեսանկյունից ունեն միասնական հարթակ։