«Կարող եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ որևէ ավտոտնակ, առնվազն՝ 2018թ․-ից, ինչ ես Երևանի ավագանու անդամ եմ, չի օրինականացվել․ որևէ գործարք չի արվել»,- հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին ի պատասխան։
Հովհաննիսյանը չի մեկնաբանել, թե նախկինում ինչպես է արվել․ «Կարծում եմ՝ որոշ դեպքեր դուք էլ գիտեք՝ ոնց է արվել, որոշ դեպքերում օբյեկտիվորեն այդ ավտոտնակները փաստաթղթեր ունեցել են»։
Փոխքաղաքապետը մանրամասնել է, թե ինչու չեն օրինականացնում ավտոտնակները. «Կարծում եմ՝ պատրաստ չենք դրանք օրինականացնել․ թողել ենք հետագային։ Կարծում ենք՝ որոշ բակեր, որ զավթած են ավտոտնակներով, պետք է մոտ ապագայում վերադարձնենք համայնքին ու խաղահրապարակների, բնակիչներին ծառայող տարածքների կամ ենթակառուցվածքների վերածենք։ Մի քանի բակի մասով հենց բնակիչների հետ է հնարավոր եղել բանակցել ու կոնսենսուսի գալ։ Դանդաղ է գնում։ Կան տարածքներ, որտեղ մասնավոր կազմակերպություններ կան, որոնք առաջարկում են ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, իսկ վերևում՝ խաղահրապարակ, այսինքն, մի փոքր կոմերցիոն տարածք են ուզում»,- ասել է նա։