Երևան

Մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի նպատակը մատուցվող ծառայությունները հարմարավետ դարձնելն է

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ նախաձեռնել է հանրային կառավարման բարեփոխումների ծրագիր՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախագծի ընթացքի հետ կապված հարցեր է քննարկել բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի և Խուրամ Ֆարուքի հետ հանդիպման ժամանակ։  

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, քաղաքացիների հետ հետադարձ կապ. սրանք այն կարևոր գործընթացներն են, որոնք ընդգրկված են ծրագրում: Կլինեն առցանց հարթակներ և բջջային հավելված՝ օգտվողների համար կիրառման հարմարվետության ապահովմամբ: 

Կարևորելով համատեղ նախագծի իրականացումը՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի թվային փոխակերպման ծրագրի առանցքային նպատակը բնակիչներին մատուցվող ծառայությունները հասանելի, թափանցիկ ու հարմարավետ դարձնելն է: 

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել հնարավորին կարճ ժամկետում, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, ծրագիրը տեղափոխել գործնական փուլ: Նախագիծը կյանքի կոչելու համար վեր են հանվել բոլոր այն խնդիրները, որոնք դժգոհություններ են առաջացնում բնակիչների շրջանում: Ձևավորվել է թվայնացման խորհուրդ, քննարկվել են հիմնական նպատակները՝ քաղաքացիակենտրոն միասնական հարթակ ստեղծելու համար: