Երևան

Քաղաքապետարանից հերքում են ուղեվարձի թանկացման լուրերը

Երևանի քաղաքապետարանից հերքել են ավտոբուսների ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու լուրերը։

«Երևանի քաղաքապետարանը նման բան չի որոշել», - Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ հերքելով ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանի հայտարարությունը։ 

Ավելի ուշ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»:

Հայկ Մագոյան