Երևան

Շինհրապարակների շրջակայքում հնարավորություն կստեղծվի տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության վերաբերյալ

Շինհրապարակների շրջակայքում հնարավորություն կստեղծվի տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության վերաբերյալ

Մայրաքաղաքում հնարավորություն կստեղծվի հատուկ սարքերով հենց շինհրապարակների շրջակայքում տեղեկատվություն ստանալ օդի աղտոտվածության վերաբերյալ: Սեպտեմբերից ուժի մեջ մտած ավագանու որոշմամբ էլ Երևանում շինհրապարակներում պետք է պարտադիր կերպով տեղադրվեն փոշեկլանիչ ցանցեր: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ կառուցապատողներին ծանուցելու գործընթացն ավարտական փուլում է: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ծրագիրն ամենակարևորներից է և համայնքին վերահսկողություն իրականացնելու հնարավորություն է տալիս: 
***
Մայրաքաղաքում առկա վթարային շենքերի խնդրին համալիր լուծում տալու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Զեկուցվել է, որ այս պահի դրությամբ Երևանում 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք կա, 3-րդ աստիճանի վթարայնության շենքերի թիվը 107 է: Քաղաքապետը հանձնարարել է բնակիչների վերաբնակեցման խնդիրը լուծելուց անմիջապես հետո 4-րդ կարգի վթարային շենքերն ամբողջությամբ ապամոնտաժել:
***
Մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կառուցվել են հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ մարզասարքեր են տեղադրվել է 24 բակային տարածքում: 
***
Ընթացքում է Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի շինարարությունը: Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Ծրագրով տարածքում կապահովվեն նաև ենթակառուցվածքներ. հարակից տնտեսվարողներն անցկացնում են կոյուղատար համակարգ, ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ: 
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 645 արտաքին գովազդ: 
***
Հիմնանորոգվում է Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին: Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, հովանոցներ, նստարաններ ու աղբամաններ, կկառուցվի նաև շատրվանային համալիր: 
***
2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների գծով փաստացի մուտքերը կազմել են 38 մլրդ 314 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելի է գանձվել 8 մլրդ 373 մլն դրամ: 
«Երևանի բյուջեն իրապես թերհամալրված է, և թերհամալրված է տասնամյակներով: Խոսքը միայն Երևանի մասին չէ, այլև ՀՀ բոլոր քաղաքների, որոնք տասնամյակներով բյուջեի հետ կապված որոշակի խնդիրներ են ունեցել: Իրականում մենք ունենք առաջարկվող լուծումներ: ՀՀ ֆինանսների նախարարության հետ կա պայմանավորվածություն՝ ֆինանսական ապակենտրոնացման վերաբերյալ քննարկումներ սկսելու վերաբերյալ, և Երևանն ու ՀՀ բոլոր խոշորացված համայնքները կունենան միջոցներ, որպեսզի կարողանան իրենց ենթակառուցվածքները պահպանել և ոչ թե մաշեցնել: Եվ ես վստահ եմ, որ սա է այն ճանապարհը, որով ՀՀ բոլոր քաղաքները լրջորեն կառուցապատման կանցնեն ու տեղային լուծումների փոխարեն կունենանք կառուցվածքային առումով վերջնական համակարգ»,- ընդգծել է քաղաքապետ Ավինյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական