Երևան

Ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ավելի քան 800 աշակերտ կսովորի նոր, անվտանգ ու հարմարավետ պայմաններում. Ալեքսանդր Բլոկի անվան հ.122 հիմնական դպրոցը վերակառուցումից հետո շահագործման է հանձնվել:  

Կրթօջախում շրջել ու պայմաններին են ծանոթացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան,  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:   

Շուրջ վեց տասնամյակ սերունդներ կրթած դպրոցն ամբողջությամբ փոխվել է: Շենքը քանդվել ու զրոյից կառուցվել է:  

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում, բնագիտական առարկաներն էլ այսուհետ դպրոցի սաները կուսումնասիրեն ժամանակակից միջոցներով կահավորված լաբորատորիաներում:

Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրով: 

Վերակառուցումից հետո այս տարի ընդհանուր առմամբ Երևանում շահագործման է հանձնվել 6 դպրոց։