Երևանի բոլոր այն բենզալցակայանները, որոնք գործում են առանց թույլտվության, քաղաքաշինական ու անվտանգային նորմերի կոպիտ խախտումներով, ապամոնտաժվում են: Խնդրին ավելի վաղ անդրադարձել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ընդգծել՝ քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթ է:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Գործընթացը Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ:
«Այս պահին ունենք արդեն ապամոնտաժված 23 բենզալցակայան: Վերջին 6-ն, ի դեպ, հաջողվել է ապամոնտաժել տնտեսվարողների հեը համագործակցությամբ՝ իրենց սեփական միջոցներով»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Ապօրինի բենզալցակայանների մեծ մասը կառուցվել էին համայնքային հողի վրա՝ մայթերին, բնակելի շենքերի կողքին, մինչդեռ կան հստակ սահմանված չափորոշիչներ, թե որտեղ որքան հեռավորություն պետք է պահպանել:
«Երեք հիմնական առաջնահերթ չափորոշիչներն են, որ բնակելի շենքերից բենզալցակայանները պետք է ապահովեն 25-50 մ հեռավորություն, բենզինի պահեստային տարաներն էլ լինեն ստորգետնյա, իսկ մայթերից էլ՝ 1.5 մ հեռավորությամբ անվտանգության կղզյակներ»,- նշում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյան
Ապամոնտաժումից հետո տարածքները պարտադիր բարեկարգվում են, կանաչապատվում ու վերադարձվում քաղաքի բնակիչներին: Աբելյան փողոցում կողք կողքի գործող 3 բենզալցակայանների քանդումից հետո ազատվել է մայթը, տեղադրվել կանգառասրահ:
«Գույքագրումը շարունակվում է, մոտ 15 բենզալցակայան կա, որոնք պետք է անպայման ապամոնտաժվեն»,-ասում է Հովիկ Սաֆարյանը:
Գործընթացը լինելու է շարունակական: Ապօրինի կառուցված ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ բենզալցակայան քաղաքում պետք է չմնա: