«Բռնությունը մեզ համար մերժելի է և՛ նիստերի դահլիճում, և՛ դրանից դուրս․ լինի ֆիզիկական բռնություն, թե խոսքով։ Ուղղակի անընդունելի է, և միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը որևէ դրսևորմամբ այս դահլիճում տեղ չունենա»․ ավագանու հետաձգված նիստում այսօր հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով երեկ նիստի ընթացքում ավագանու անդամների միջև տեղի ունեցած միջադեպին։
«Երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու, թե որ խմբակցության ավագանու անդամն է. բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու: Իմ լիազորությունների շրջանակում ուզում եմ 3 զգուշացում տալ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հատուկ նաև նախազգուշացրեց բոլոր վարչական շրջանների ղեկավարներին և հատկապես նրանց, որոնք մասնակցել են երեկ տեղի ունեցած հրմշտոցին․ «Նրանց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու։ Բոլոր վարչական շրջանների ղեկավարներին՝ չառանձնացնելով ոչ մեկին»,- զգուշացրեց քաղաքապետը։