Երևանի ավագանու խմբակցությունները երեկ պայմանավորվել էին բյուջեի վերահսկողությունն իրականացնելու համար աուդիտորական ընկերություն ներգրավելու հարցի քվեարկությունը կազմակերպել ավելի ուշ, սակայն միջադեպից հետո հարցի քննարկումը հետաձգվեց։
Այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը կրկին առաջարկեց հարցը քննարկել ամենավերջում, որին արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը.
«Ամենայն հարգանքով, բայց ամենավերջում հարցը քննարկելու տրամաբանությունն այն էր, որ ժամանակ լիներ մտածելու։ Մի ամբողջ երեկո ու առավոտ, և նույնիսկ՝ գիշեր, այդ ժամանակը եղել է։ Տրամաբանությունը ո՞րն է»,- նշեց Ավինյանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ չեն գրանցվի հարցի քննարկման համար և կսպասեն, թե Մեսրոպ Մանուկյանը ինչ որոշում կկայացնի քվորումն ապահովելու համար։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ 15 րոպե ընդմիջում խնդրեց որոշում կայացնելու համար՝ նշելով, որ քվորում ապահովելու հարցը վերստին վերապահված է Մեսրոպ Մանուկյանին։