Երևան

«Խեղաթյուրում եք իմ խոսքը. մենք այս տարի նախատեսել ենք ավելի քիչ միջամտել շենքերին». փոխքաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանին անհանգստացնում է մեկ անձից գնում կատարելու շարունակական միտումը։ Ավագանու անդամը օրինակ բերեց վերջին՝ կես միլիոն դոլարի գնումը, որը կատարվել է նոյեմբերին՝ մեկ անձից ուղիղ գնումով։ Նա նշեց, որ նախորդ տարի նմանօրինակ մի գնում էլ է եղել նույն կազմակերպությունից՝ ամանորյա ձևավորումների համար։

Ընդդիմադիր ավագանու անդամը, խոսելով այդ մասին, հիշատակեց.

«Անցած տարի վնասվել էին պատմական արժեք ներկայացնող շենքեր, և այս տարի քաղաքապետարանը հայտարարեց, որ նորից վնասվելու են այդ շենքերը և նորից ծակվելու են։ Ես ուզում եմ հասկանալ․ եթե ձեր բնակարանը վերանորոգելիս լինեիք, և ստացվեր այնպես, որ գոհ չլինեիք կատարված աշխատանքից, այսինքն, ձեր բնակարանն ավերած լինեին, դուք ևս մեկ անգամ այդ նույն կազմակերպության հետ կաշխատեի՞ք։ Քաղաքի դեպքում ինչու՞ եք այդպես անում»,- հարցրեց Երիցյանը։

Հարցին ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ կազմակերպության ոչ պատշաճ աշխատանքի մասին խոսք չեղավ․ «Ընդհակառակն, ինչպես նախորդ տարի պայմանագրով նախատեսվել է, շենքերին արված միջամտություններն ու աշխատանքի հետևանքները վերացվել են։ Անցած տարի աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի ղեկավարը ես էի։ Անձամբ ես եմ համոզվել, որ բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվել են։ Դա իմ գնահատականն է, և հակառակն ապացուցող որևէ փաստ այսքան ժամանակ ոչ ոք չի կարողացել ներկայացնել»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. «Ինչ վերաբերում է այս տարվան, մի փոքր խեղաթյուրում եք բառերս՝ ինձ մեջբերելով, իբր հաստատել ենք, որ այս տարի էլ են վնասվելու»։

Փոխքաղաքապետը ասաց, որ վնասելու տերմինաբանությունը ընդունելի չէ. «Հաշվի առնելով նախագծի իրականացման այն ժամանակը, որն ավելի շատ է, քան անցած տարի, նախատեսել ենք ավելի քիչ միջամտություն, մասնավորապես, մետաղական կոնստրուկցիաների կիրառման միջոցով, որի վրա սարքավորումները կամրացվեն, ինչն էլ կենթադրի ավելի նվազ միջամտություն»։

Մանրամասները՝ տեսանյութում