Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջարկեց այս նիստի օրակարգում տեղ գտած չզեկուցվող հարցերը դարձնել զեկուցվող, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ են, որ օրակարգում լինեն չզեկուցվող հարցեր։ Իշխող խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ հետագայում կքննարկվի, թե զեկուցվող կամ չզեկուցվող հարցերն ինչ սկզբունքով են կիրառելու։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, քանի որ ավագանին ունի կանոնակարգ, կա օրենք, և ավագանու անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովների նիստերին և արդեն ծանոթացած լինեն նախագծերին։
Ավագանուն ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն անընդունելի համարեց նման պրակտիկան, ապա նշեց, որ այսօր կողմ կքվեարկեն, որ բոլոր հարցերը դառնան զեկուցվող, հակառակ դեպքում հաջորդ նիստերին խմբակցությունը չի մասնակցի որևէ լուրջ քննարկման։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը ևս կարևորեց, որ բոլոր հարցերը զեկուցվող դառնան։
26 կողմ, 9 դեմ, 1 ձեռնպահ ձայներով բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։