Երևան

Շինհրապարակների կահավորման խախտումների մասով կլինեն փոփոխություններ. տուգանքները էական կբարձրանան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան քաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման շրջանակներում փոշեկլանիչ ցանցերով կահավորման ենթակա բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր թիվը 213 է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ փոշեկլանիչ ցանցով ամբողջությամբ կահավորվել է 11 օբյեկտ, և սեպտեմբերի 1-ի որոշումից սկսած կազմվել է 257 արձանագրություն շինհրապարակների կահավորման խախտումների վերաբերյալ։ 

Քաղաքապետն էլ արձագանքեց․ «Շատ ցածր տոկոս է, ինչը նշանակում է, որ մեր աշխատանքում թերանում ենք։ Մենք ինչ–որ բան ենք ընդունել սեպտեմբերի 1-ից, որը չենք կարողացել ապահովել։ 257-ից ընդամենը 11-ը։ Սա նշանակում է, որ այս մասով վարչական շրջաններն էլ բավարար չափով աշխատանք չեն կատարում։ Նաև նշանակում է, որ այստեղ վերահսկողությունը թույլ է, պետք է կրկնապատկել և հաջորդ շաբաթ նորից զեկուցել թիվը»։

Ասատրյանն էլ հավելեց, որ խնդիրներից մեկը նաև տուգանքի չափն է, որը կազմում է 70-100 հազար դրամ. «Կառուցապատողներ կան, ովքեր մի քանի անգամ տուգանվելուց հետո ամբողջությամբ կահավորումը չեն ավարտել կամ կատարել են կիսատ աշխատանք, որը այս թվերի մեջ չկա։ Իրավաբանական վարչության հետ, ձեր հանձնարարականի շրջանակներում, նախագիծ է մշակվել, որով կքննարկվի շինհրապարակների խախտումների մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության էական փոփոխությունների տարբերակը, որը կառուցապատողներին ավելի կզգաստացնի, և համայնքի պահանջները չկատարելու դեպքում շատ ավելի մեծ տուգանքներ նախատեսված կլինեն»։

Տիգրան Ավինյանն էլ ասաց՝ քանի դեռ փոփոխությունները չեն արվել, ջանքերն առավել ինտենսիվ ներդնել, որ կառուցապատողները հասկանան, որ այս մասով էլ կա որոշում, և այս որոշմանը չենթարկվելու հնարավորություն չկա։