Երևան

«Երևանի լուսավորության աշխատանքները կազմակերպելու համար օգտագործվելու է անցած տարի ձեռք բերված գույքը». Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այս տարի մի կազմակերպության հետ կնքվել է ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու պայմանագիր»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ լուսավորության աշխատանքները կազմակերպելու համար հիմնականում օգտագործվելու է անցած տարի ձեռք բերված գույքը։ 

Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս մեկ տարի առաջ են ասել, որ անցած տարվա գնումն արդարացված է, քանի որ մեկանգամյա օգտագործման գնում չէր, այլ բազմակի օգտագործման։

Անդրադառնալով անցած տարի Հանրապետության հրապարակում և շենքերի վրա կատարված աշխատանքի շուրջ քննարկումներին՝ Գրիգորյանը արձանագրեց, որ, ինչպես խոստացել էին, շենքերի բոլոր անցքերը փակվել են․

«Հաշվի առնելով, որ այս տարի չունենք այն հրատապության հրամայականը, որն ունեցել ենք անցած տարի՝ կապված «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության հետ, և ունենք ավելի շատ ժամանակ, այս տարի տոնածառի ամանորյա լույսերը ավելի ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ եղանակով։ Անցած տարվա պատկերն այս տարի էլ եք տեսնելու, բայց տեխնիկական առումով՝ պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր քանակի, և լինելու են հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- ասաց Գրիգորյանը։