«Եթե մեր նկատմամբ վերաբերմունքն այս է, քաղաքապետարանը համապատասխանաբար իր վերաբերմունքը կարտահայտի». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան
13 Նոյեմբերի, 11:55
«Բոլոր այն իրավաբանական անձանց, կազմակերպություններին, խմբերին, որոնք անարգում են քաղաքապետարանի, ավագանու որոշումները, պետք է օրենքին համապատասխան վերաբերմունք ցույց տանք»,- գործակարգավարական այսօրվա խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Իրականում, 2018թ. հետո մի կարևոր բան է փոխվել․ կան բոլոր հնարավորությունները՝ վիճարկելու այս կամ այն որոշումները, բայց, այնուամենայնիվ, եթե քաղաքապետարանը ունի այս կամ այն քաղաքական որոշումը, մեր դիրքորոշումը պետք է ավելի չոր լինի»,- ասել է նա՝ հավելելով․ «Օրինակ, եթե որոշել ենք, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար կառուցապատողները պետք է վճարեն, որովհետև տարիներով Երևանում իրականացվել է անկանոն կառուցապատում, ինչի հետևանքով քաղաքը միայն տուժել է, հետևաբար, պետք է բալանսավորել այդ կառուցապատումները»:
Ավելի ուշ, երբ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացնում էր կենսապահովման ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, Ավինյանն արձագանքեց՝ շարունակելով թեման. «Երբ կառուցապատողների հետ քննարկում էինք այս ծրագիրը, բոլորս լծվեցինք աշխատանքի, ու ենթադրվում էր՝ ունենք գործընկերային հարաբերություններ և պետք է շարժվենք այդ տրամաբանությամբ։ Բայց հիմա մենք դատական հայց ունենք կառուցապատողների ասոցիացիայի կողմից՝ չարաբաստիկ ճարտարապետահատակագծային առաջադրանքների վճարի հետ կապված, որն ընդհանուր վաճառքի շրջանառության ընդամենը 1%–ն է, որ քաղաքը պետք է ուղղի կոյուղագծերին, մանկապարտեզներին ու այլ ենթակառուցվածքների։ Եթե մեր նկատմամբ վերաբերմունքն այս է, քաղաքապետարանն իր վերաբերմունքը համապատասխանաբար կարտահայտի»,- ասել է նա։