Վարդաշենի 4-րդ կարգի վթարայնության հանրակացարաններում ապրող բնակիչների խնդիրը լուծում կստանա: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրմամբ հաշվառվել է 175 միավոր բնակարան: Նախագիծը կիրականացվի պետություն-համայնք գործակցությամբ:
***
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածի բարեկարգման ծրագիրը: Հանգստի գոտին կառանձնանա նոր լուծումներով, կձևավորվի տարածքին համահունչ միջավայր. կլինեն ջրավազաններ, շատրվանային համալիր, արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, կտեղադրվեն նստարաններ:
***
Մայրաքաղաքում շարունակվում են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները: Մաշտոցի, Իսակովի, Ազատության և Գայի պողոտաներում, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցում տնկվել են սոսիներ ու կաղնիներ:
Աշնանային էտի ընթացքում էլ ձևավորվել է ավելի քան 4600 ծառ: Գործընթացը ներառում է նաև նախկինում չորացած շուրջ 500 ծառերի դուրս բերումը կանաչ զանգվածներից:
***
Կոնդի վերակառուցման նախագծով կլուծվի բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու ու սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով:
***
Այսօրվանից Երևանի կենտրոնի շուրջ 40 փողոցներում ու պողոտաներում կարգելվի 2.5 տոննա առավելագույն քաշը գերազանցող բեռնատարների մուտքը: Սահմանափակումը կտևի առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
***
Բակերի և այգիների բարեկարգում, հանգստի գոտիների վերականգնում, ֆուտբոլի խաղադաշտերի կառուցում. խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների ղեկավարներն իրենց զեկույցներում ներկայացրել են իրականացված, ընթացիկ ու նախանշվող ծրագրերը: Քաղաքապետ Ավինյանը հանձնարարել է նոր նախագծերը կազմելիս ուշադրություն դարձնել որակին՝ կիրառելով նոր լուծումներ:
«Բակերի բարեկարգման ու հանգստի գոտիների կառուցման ծրագրերը մեր ամենակարևոր նախագծերից են: Քաղաքն առաջին հերթին պետք է բարեկարգ լինի իր բակերով, և մենք պետք է հետևողականորեն շարունակենք բակային տարածքների վերադարձը բնակիչներին՝ ընդլայնելով ծրագրի ծավալները: Ակնկալում եմ որակապես նոր ու ժամանակակից լուծումներ նախագծերի հարցում, որպեսզի հաջորդ տարվանից ծրագրերն իրականացվեն այդ տրամաբանությամբ»,- ընդգծել է քաղաքապետը: