Երևանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցել են բակային տարածքներում և այգիներում կատարվող աշխատանքների ընթացքի մասին։
Ամփոփելով այդ զեկույցները՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է. «Այս ծրագրերը քաղաքապետարանի ու վարչական շրջանների ամենակարևոր ծրագրերն են, որովհետև մեր քաղաքն առաջին հերթին պետք է բարեկարգ լինի իր բակերով։ Բակերը երևանցիներին վերադարձնելը մեր ամենակարևոր առաքելություններից է»։
Ըստ քաղաքապետի՝ վարչական շրջանների ղեկավարները հաջորդ տարվա համար այդ ծրագրերին պետք է ավելի պատրաստված լինեն. «Մենք դեռ շատ աշխատանք ունենք որակի վրա՝ սկսած նախագծի որակից, ավարտած կատարված աշխատանքով»։
Ավինյանի խոսքով՝ նախագծերում պետք են մոդեռն մոտեցումներ. «Եթե անգամ այդ նախագծերն ավելի թանկ լինեն, դա է ճիշտ ճանապարհը։ Նախագծողների հետ պետք է աշխատել»։