Այսօրվանից ուժի մեջ են մտնում Երևանի փոքր կենտրոն մտնող բեռնատարներին վերաբերող նոր սահմանափակումները․ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Սահմանափակումը գործելու է 2,5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար։ 2,5 տոննան իրենից ենթադրում է տվյալ տրանսպորտային միջոցի քաշն ու այն առավելագույն զանգվածը, որը կարող է տեղափոխել տվյալ տրանսպորտային միջոցը։ Սահմանափակումը գործելու է առավոտյան ժամը 07։00-ից մինչև 21։00-ն։ Բեռնատարները կարողանալու են մուտք գործել երեկոյան 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ն ընկած ժամանակահատվածում։ Սահմանափակման տակ է Խանջյանից Սարյան և Գ․ Լուսավորիչից Կորյուն փողոցներով պարփակված տարածքի 40 փողոց և պողոտա»,- մանրամասնեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ, օրինակ, «Ֆորդ տրանզիտ» կամ «Գազել» տիպի տրանսպորտային միջոցները ևս ընկնում են այդ սահմանափակման տակ․ «Այդ տրանսպորտային միջոցները և ավել բեռնատարողությամբ տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ ընկնելու են տվյալ սահմանափակման տակ։ Իսկ դրանից նվազները չունեն փոքր դասի բեռնատարի կարգավիճակ»։
Հարությունյանի խոսքով՝ ճանապարհային նշանի կարգավորումը նախատեսված է 2,5 տոննա, որը բեռին չի վերաբերում, այլ մեքենայի դատարկ քաշի և տեղափոխվող բեռի հանրագումարին։
Քաղաքապետը հետաքրքրվեց՝ ցուցանակները ճի՞շտ են տեղադրված․ «Ցուցանակներում խնդիր կար, որն այսօր կարգավորված կլինի»,- ասաց Հարությունյանը։